Կենսագրություն

Սերովբե Բենկոյանը ծնվել է 1846 թվականին Ջավախքի Կարծախ գյուղում՝ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Բասենից գաղթած Բենկոյենց Գասպարի ընտանիքում։

Հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրը ամուսնանում է հարևան Դադեշ գյուղում։ Սերովբեն և նրա երկու եղբայրները՝ Քերոբն ու Փիլիփոսը, զրկվում են մայրական խնամքից։

Սերովբեի հորեղբայրը՝ Մարտիրոսը, որը Կարծախում ճանաչված մարդ էր, իր վրա է վերցնում երեք որբուկների խնամքը։

Մորից բաժանվելու վշտի ազդեցության տակ գրում է իր հռչակավոր «Մայրիկ» երգը։

Ջիվանին վախճանվել է 1909 թվականի փետրվարի 24-ին։ Անվանի աշուղի հուղարկավորությանը մասնակցել են տարբեր ազգերի մեծ թվով ներկայացուցիչներ։

Ջիվանիի իսկական անուն ազգանունը՝ Սերովբե (Սերոբ) Լևոնյան, նա 6 տարեկանում որբացել է, մեծացել է հորեղբոր խնամքի տակ: Աշուղական երգի առաջին դասերն առել է համագյուղացի աշուղ Ղարա Ղազարից, սովորել է նաև ջութակ ու քաման նվագել:

1867 թ-ին Կարծախ հյուրախաղերի եկած երիտասարդ աշուղ Սազայու (Աղաջան) հետ Ջիվանին մեկնել է Թիֆլիս, 1 տարի երգել է վանեցի մի հայի սրճարանում, անուն ձեռք բերել, որտեղից նրան հրավիրել են ալեքսանդրապոլցի սրճարանատեր Տալոյանները։

1868–95 թթ-ին Ջիվանին ապրել է Ալեքսանդրապոլում, գործակցել անվանի աշուղներ Ջամալիի, Զահրիի, Մալուլի, Ղեյրաթի, Ֆիզայու հետ, ծանոթացել հայ գրողներ Րաֆֆու, Պատկանյանի և մյուսների գործերին, ուսումնասիրել հայ և արևելյան ժողովուրդների պատմությունն ու բանահյուսությունը: Այս ամենն անջնջելի հետք է թողել Ջիվանու աշխարհայացքի ձևավորման ու գրական գործունեության վրա:

Մինչև 1880-ական թվականները նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում:

25-հոգանոց աշուղական իր խմբով Ջիվանին հաճախակի ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, եղել է նաև Դերբենդ, Մախաչկալա, Ռոստով, Խարկով քաղաքներում ու շրջակա հայաբնակ գյուղերում և ներկայացրել հայ աշուղական երգի լավագույն նմուշները (Սայաթ-Նովա, Միսկին-Բուրջի, Շիրին և այլն):

1895 թ-ին ընտանիքի վիճակը բարելավելու և զավակներին կրթության տալու նպատակով Ջիվանին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ ապրել է դժվար կյանքով: Վերջին անգամ Ջիվանին ելույթ է ունեցել 1908 թ-ի հոկտեմբերին, իսկ մի քանի ամիս անց մահացել է:

Բարոյախրատական երգերում Ջիվանին գովերգում է ընկերությունը, ազնվությունը, հավատարմությունը, անձնազոհությունը, ծնողասիրությունը և որդեսիրությունը, պախարակում ագահությունը, տմարդությունը, ժլատությունը, ապերախտությունը, քարոզում է հետևել լուսավորությանն ու գիտությանը։ Ավանդաբար, ամեն տարի հունիսի վերջին կիրակի օրը Կարծախում կազմակերպվում է Ջիվանու երգի տոն:

1996 թ-ին, ծննդյան 150-ամյակի առթիվ, Երևանում հրավիրվել է գիտաժողով, նույն թվականին Կարծախում տեղադրվել է Ջիվանու կիսանդրին, 2006 թ-ին Ախալքալաքում՝ հուշարձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), նրա մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Պոետի վերադարձը» (2007 թ., ռեժիսոր՝ Հարություն Խաչատըրյան): «Սայաթ-Նովա» մշակութային միության ջանքերով 2009 թ-ին լույս է տեսել «Աշուղ Ջիվանի. Անհայտ երգեր» գիրքը:

Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր:

Ձեր պատմությունը

Այստեղ կարող եք կիսվել Ձեր պատմությամբ և խմբագրվելուց հետո այն կհայտնվի մեր նախագծում։