Կենսագրություն
Ծնվել է 1881 թ. հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 7-ին) Ալեքսանդրապոլում (ներկայումս՝ Գյումրի) հայ քաղկեդոնացի գործարարի ընտանիքում։ Գեորգի Գյուրջիևի զարմիկն է։
1901 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը և ընդունվել Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղից վտարվել է քաղաքական գործունեության համար։
1902 թ. Մերկուրովը ուսումը շարունակել է Շվեյցարիայում Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ուսանել է Ադոլֆ Մեյերի մոտ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում մինչև 1905 թ.։
Գյումրիում՝ Մերկուրովի հայրական տանը բացվել է քանդակագործի թանգարանը, որին նրա կտակով փոխանցվել են մեծաթիվ արժեքավոր աշխատանքներ։
Մահացել է 1952 թ. հունիսի 8-ին Մոսկվայում և թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը:
Սերգեյ Մերկուրով - 20-րդ դարի ականավոր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Դմիտրիի Մերկուրովը նպաստել է խորհրդային կարգերի և հայ քանդակագործության գաղափարական ու պրոֆեսիոնալ առաջընթացին, նրանում իրական ու գերչափական մեթոդների ամրապնդմանը, որը սակայն զերծ չի մնացել ժամանակի իշխանությունների մեծարման ցուցադրական քարոզչությունից:
Մերկուրովը 1905 թ. ավարտել է Մյունխենի Գեղարվեստական ակադեմիան, իսկ 1910 թվականից հաստատվել է Մոսկվայում:
Մերկուրովի ստեղծագործությունները նախահեղափոխական շրջանում ունեին եգիպտական մոնումենտալիզմին բնորոշ խստություն (Դոստոևսկու և Տոլստոյի արձանները Մոսկվայում): Իսկ խորհրդային իշխանության տարիներին դարձել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան պլանի ամենաակտիվ իրականացնողներից մեկը, ստեղծել է Մարքսի, Տիմիրյազևի հուշարձանները: Առանձնահատուկ տեղ է հատկացվել Լենինի կերպարին, որի առավել ակնառու նմուշներից են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում դրված 16 մետրանոց գրանիտե արձանը, Երևանի Լենինի հրապարակում (ներկայիս Հանրապետության հրապարակում) 9 մետրանոց պղնձակոփ հուշարձանը: Մերկուրովի ստեղծագործությունների թվին են պատկանում Շահումյանի գրանիտե հուշարձանը Երևանում, Լոմոնոսովի, Ձերժինսկու, Ստալինի արձանները:
Խորհրդային արվեստի նշանակալից կոթողներից են բարդ և արտահայտիչ խմբավորում ունեցող և ողբերգական շնչով առլեցուն «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարումը» բարձրաքանդակը և «Առաջնորդի մահը» խմբաքանդակը:
Մերկուրովն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ: Նրան շնորհվել է Լենինականի պատվավոր քաղաքացու կոչում և, ի հավերժացում մեծ արվեստագետի հիշատակի, տեղի նկարչական դպրոցը 1947 թվականից կոչվում է նրա անունով: